Ֆրանսիայում մեկնարկել են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձեւավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Հունվարի 9-ին լրացել էր Փարաջանովի 100-ամյակը, նույն օրը Երևանում կայացել էր ականավոր մշակութային գործչի արձանի բացման արարողությանը։
Հունվարի 5-ին հայտնել էինք ՀՀ դեսպանության աջակցությամբ Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում սպասվելիք միջոցառումների մասին։
Սերգեյ Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչը, սցենարիստ և արվեստագետ է: Մինչև 1963թ. Փարաջանովը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր։ 1964թ․ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերել: 1965-ին սկսել է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը հետո արգելվել է։ 1966թ․ նրան հրավիրել են Հայաստան, որտեղ սկսել է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը, որը մեծ դժվարություններով է դուրս եկել էկրան՝ «Նռան գույնը» անունով: Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից: