Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում հունվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանի «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։
Նարինե Առաքելյանը հրավիրում է արտասովոր ճամփորդության։ Այս պատմությունը միախառնում է բնությունը, առասպելաբանությունը և թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում է նաև ավանդականության հետ:
Այս ցուցահանդեսի հիմքում խորը այլաբանություն է, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը: Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունն «Aphrodite’s Stone»-ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն ինքը մտնում է ծովի անդունդը և վերածնված դուրս գալիս։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան։
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի ամեն օր՝ 11:00-18:00-ը, բացի երկուշաբթի օրերից: Այն կտևի մինչև մարտի 3-ը։