Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը հունվարին առաջնախաղով հանդես է եկել Բեռլինի գերմանական օպերային թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում՝ մարմնավորելով Սկարպիայի կերպարը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունը նշում է, որ դասական երաժշտության կենտրոնի՝ Բեռլինի, խստապահանջ հանդիսատեսը նրա ելույթը ջերմ ընդունելության է արժանացել: Ելույթին անդրադարձել է Գերմանիայի հեղինակավոր օպերային պարբերականներից Der Opernfreund-ը:
«Գևորգ Հակոբյանը հանդես եկավ որպես նոր Սկարպիա, նրա հարուստ ու առկայծող գույներով բարիտոնը, ինչպես նաև նրա ահազդու արտաքին տեսքն ու դերասանական խաղն անթերի են չարագործի երաժշտական կերպարի համար: Թեև կային խոսակցություններ, որ պետք է հանդես գար Լյուդովիկ Տեզյեն, սակայն հայազգի երգիչը որևէ հարցում չզիջեց և արդարացրեց բոլոր սպասումները»,- նշել է պարբերականը:
Գևորգ Հակոբյանը 2023թ. առաջատար դերերգերով հանդես է եկել Մադրիդի թագավորական և Թուրինի թագավորական օպերային թատրոններում, Արենա դի Վերոնայում, Վերոնայի Տեատրոյում, Մոսկվայի Մեծ թատրոնում և Կանզասի օպերային թատրոնում: