«Թաթոյան» հիմնադրամը հայտնել է Ադրբեջանի ծրագրերի մասին, որտեղ հայկական տաճարներն «ադրբեջանական են համարել»։
Հիմնադրամի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանության՝ Հայաստանի զավթման ծրագրով, Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը «պատկանում են հինավուրց Ադրբեջանին»։
Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Իսկ Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին իբր, «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերվել և բնակեցվել Թուրքիայից՝ 1829-1830 թվականներին։
Ըստ ադրբեջանական ծրագրի՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ, իբր, նրանք յուրացրել են տաճարը։
Ադրբեջանական հորինված ծրագրով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է նաև Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր, իբր, չեն ապրել։
Հունվարի 30-ին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդը հայտնել էր, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի է վերածում։
2023-ի նոյեմբերին Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոնն անվանել էին քայլ՝ դեպի «վերադարձ» ժամանակակից Հայաստանի տարածք։