ԻԻՀ Մատենադարանի պատվիրակությունն արդյունավետ քննարկում է ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում, հայտնում է Մատենադարանը։
Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Նշվում է, որ քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարներ։
Փետրվարի 2-ին հայտնել էինք, որ Իրանի ազգային գրադարանում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։ Մատենադարանը նշել էր, որ հայկական ձեռագրերը կուսումնասիրվեն նաև Իրանի խոշորագույն մասնագիտացված կենտրոնում՝ Կում քաղաքում, որտեղ պահվում են տարբեր լեզուներով մոտ 85 հազար ձեռագրեր։
Իրանի Ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպության ղեկավար Ալիռեզա Մուխթարփուրը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ հանդիպմանը հայ-իրանական մշակութային կապերն ավելի ամուր էր անվանել, քան Երևանի և Թեհրանի քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Նա նշել էր, որ կենտրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի ժամկետը լրացել է, ուստի անհրաժեշտություն կա հետագայում քննարկել համագործակցության նոր ասպեկտներ։