Փետրվարի 10-ի «Riposte Alimentaire» կազմակերպության էկոակտիվիստները Լիոնի գեղարվեստի թանգարանում Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա ապուր են լցրել, հայտնում է BFMTV-ն: Նրանց ձերբակալել են։
«Այս «Գարուն»-ը կլինի վերջինը, եթե մենք չգործենք։ Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները: Ինչպե՞ս ենք երազելու, եթե «Գարուն» այլևս չլինի»,- ակցիայի ժամանակ հայտարարել են ակտիվիստները։
Նրանք նշել են, որ սիրում են արվեստը, միևնույն ժամանակ հայտարարել են, որ «ապագա նկարիչներն այրված մոլորակի վրա նկարելու ոչինչ չեն ունենա»:
«Մենք պետք է արթնանանք և դիմադրենք՝ հանուն արվեստի, կյանքի և գեղեցկության»,- այս խոսքերով են ակցիան ամփոփել ակտիվիստները։
Հունվարի 28-ին նույն կազմակերպության ակտիվիստները Ֆրանսիայի Լուվրի թանգարանում ապուր էին լցրել «Մոնա Լիզա» կտավի վրա՝ կոչ անելով պաշտպանել «առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի իրավունքը»։
Վերջին տարիներին էկոակտիվիստները նման ակցիաներ են կազմակերպում թանգարաններում և այլ հայտնի վայրերում, որպեսզի ուշադրություն հրավիրեն բնապահպանական խնդիրների վրա: Անցյալ տարվա նոյեմբերին Just Stop Oil շարժման մասնակիցները Լոնդոնի Ազգային պատկերասրահում կոտրել էին իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի «Վեներան հայելիով» կտավի պաշտպանիչ ապակին։