Հայ կինոպրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ամերիկացի դերասան, «Օսկարի» դափնեկիր Քրիստիան Բեյլի և նրա կնոջ՝ Սիբի Բլազիկի հետ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող տարածքում երեխաների համար ապաստարան կստեղծի, հայտնել է Deadline-ը։
«Համայնքը, որի առաջնահերթությունը կլինի եղբայրներին ու քույրերին միասին պահելը, բաղկացած կլինի տասներկու խնամատար տներից և համայնքային կենտրոնից»,- գրել է կայքը:
Էսրաիլյանը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերն է։ Ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղացել է Բեյլը:
«Ես շնորհակալ եմ իմ վաղեմի գործընկեր Էրիկ Էսրաիլյանին և մեր համայնքի շատ մարդկանց, որ նրանք համախմբվել են այս ընտանիքներին երկար տարիներ աջակցելու համար»,- հայտարարել Է ամերիկացի դերասանը:
Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները 1,2 մլն դոլար են հատկացրել ապաստարանի կառուցման համար։ Իրականացվել է նաև դրամահավաք, որի ժամանակ Բեյլի և Էսրաիլյանի գլխավորությամբ իրենց ներդրումն են ունեցել այլ բարերարներ։