Կյանքից հեռացել է հայ անվանի քանդակագործ Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը, հայտնում են Երվանդ Քոչարի անվան թանգարանից։
Հայկազ Քոչարն Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության հեղինակն է։
Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր: Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադրման պահից՝ 1984-ից, Հայկազ Քոչարի նախագծերով իրականացվել են թանգարանի ինտերիերի և ցուցադրությունների, լուսավորության, կահավորման ձևավորումները։
Հայկազ Քոչարը Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր, 1997-ին հաղթել է Երևանի քաղաքապետարանի «Տարվա լավագույն ճարտարապետական կառույց» մրցույթում։