Շառլ Ազնավուրի որդին խոսել է Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Նիկոլա Ազնավուրի խոսքով՝ առաջին փուլում իրենք Ելիսեյան այգիների ի մասը կվերանվանեն Շառլ Ազնավուրի անունով։ Հաջորդիվ կկանգնեցվի շանսոնյեի հուշարձանը։ «Բայց արձանը նախ կտեղադրվի Հայաստանում»,- պարզաբանել է նա։
Նա նաև պատմել է, թե ինչպես են էսքիզ ընտրել Ազնավուրի արձանի երևանյան հուշարձանի համար. «Արձանը պետք է գեղեցիկ տեսք ունենա 360 աստիճանից։ Այն պետք է լինի թեթև, օդային, և այս արձանի մեջ մենք հանդիսատեսին տեսնում ենք ծափահարող ձեռքերով։ Հայրս իր հանդիսատեսի հետ այս արձանի մեջ է, ինչը շատ կարևոր է»,- եզրափակել նա։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին ընտրել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաև Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը:
Ընտրված քանդակն է տեղադրվելու Շառլ Ազնավուրի հրապարակում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի 11 անդամներից 9-ն ընտրված տարբերակին են կողմ քվեարկել: Մրցույթին ներկայացվել էին 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտերի տարբերակներ:
«Քանդակագործի հետ քննարկելու ենք, որպեսզի նախնական առաջարկվող էսքիզը դառնա վերջնական մակետ, որից հետո կանցնենք ձուլման աշխատանքներին: Դա ժամանակ է խլելու, փորձելու ենք առավելագույնն անել այս տարի հասցնելու համար»,- ընդգծել է նա:
Ավինյանը քանդակի տեղադրումը համարում է Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկը: «Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրն իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- նշել է քաղաքապետը:
2023թ. սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Ազնավուրի հուշարձանի բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից ոչ մեկը չի ընտրվել: