Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում մարտի 15-17-ն առաջին անգամ կկայանա «Հայաստանի պատկերները» փառատոնը (Visages d’Arménie Festival), հայտնել է Primavera Foundation of Armenia կազմակերպությունը։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են անվանի երաժիշտների համերգներ, գրավիչ ճանապահորդություն դեպի հայկական խաղողագործության դարավոր ավանդույթները, հայկական պատմությունն ու մշակույթը:
«Խաչատրյանը և նրա տիեզերքը» խորագիրը կրող մենահամերգով հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, Չայկովսկու դաշնակահարների միջազգային XV-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Դմիտրի Մասլեևը, Նարեկացու և Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական ժառանգությունը կներկայացնեն Լիլիթ Պետրոսյանը (քանոն), Հարություն Չոլակյանը (դուդուկ) և «Լույս» վոկալ կվինտետը։
Կոմիտասի, Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններով հանդես կգան հայկական արմատներով երաժիշտներ Թոմաս Լեֆորտը (ջութակ) և Ռուբեն Կոզինը (դաշնամուր): Կկայանա համաշխարհային ճանաչում ունեցող հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Մենք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Մարտի 11-17-ը հանրության համար բաց կլինեն լուսանկարիչներ Սևակ Ասրյանի «Արցախյան պատկերները» (Visages of Artsakh) և Սուրեն Մանվելյանի «Հայերի պատկերները» (Visages of Armenians) լուսանկարչական ցուցահանդեսները: