ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Մեզ՝ հայերիս համար, նա նաև հայրենիքը սիրելու և նվիրումով ծառայելու լավագույն օրինակ է»,- իր ելույթում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնել է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում կայանալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, որոնք աշխարհին կրկին ներկայացնելու են Շառլ Ազնավուրին։ Այդ միջոցառումները շարունակվելու են մինչև 2025 թվականը։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվի Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։