Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ղրիմի բնապատկերը» կտավը (1863 թվական) դարձել է ամենաթանկարժեք լոտը AI-ի № 523 «Առաջին անուններ» աճուրդում՝ վաճառվելով 88,5 մլն ռուբլով (374,6 մլն դրամ), հայտնել է artinvestment-ը։
Աճուրդի ընդհանուր եկամուտը կազմել է 367,6 մլն ռուբլի (1,556 մլրդ դրամ)։ Ընդհանուր առմամբ՝ վաճառվել է 24 արվեստի գործ։ Մեկ վաճառված լոտի միջին գինը եղել է 15 միլիոն ռուբլի (63,5 մլն դրամ)։
Այվազովսկու կտավից հետո ամենաթանկը գնահատվել է Ալեքսեյ Յավլենսկու «Նատյուրմորտ ծաղկաբույսով» նկարը (1909 թվական)՝ 44,2 մլն ռուբլի (187,3 մլն դրամ), ապա Իլյա Ռեպինի «Երիտասարդը՝ նկարչի արվեստանոցում» նկարը (1914 թվական)՝ 26,5 մլն ռուբլի (112,4 մլն դրամ), և Վլադիմիր Բարանով-Ռոսսինեի «Սկանդինավյան լանդշաֆտ»-ը (1910-1911 թվականներ)՝ 23,6 մլն ռուբլի (100 մլն դրամ):
2021 թվականի նոյեմբերին Այվազովսկու «Գենուեզյան աշտարակները Սև ծովում» կտավը վաճառվել էր Լոնդոնի Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում 1 միլիոն եվրոյով (422,5 մլն դրամ): 2023 թվականի դեկտեմբերին «Նավը ծովում սարերի ֆոնին» բնանկարը դարձել էր ռուսական «Աուկցիոն հոլդինգի» առաջին աճուրդի առանցքային լոտերից մեկը։ Փետրվարին ծովանկարչի «Լուսնյակ գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տան աճուրդում վաճառվել էր 92 միլիոն ռուբլով (389,5 մլն դրամ):