Մատենադարան թանգարան-ինստիտուտի ութ ձեռագրեր ցուցադրվում են Վենետիկյան Դոժերի պալատում, հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյանները ներկայացված են Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Հայտնում են, որ հայկական ձեռագրերը ցուցադրվում են Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին:
Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Վենետիկում Մխիթարյան միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։
«Ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին»,- նշում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Հավելում են, որ ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։