Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։ Այն ներկայացված է Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում:
Տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։
«Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում՝ կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։