Մայիսի 23-ին Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բացվել է աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը։ Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև հուլիսի 22-ը։
Ցուցադրությանը շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշ կա, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:
Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:
«Ազնավուրն այն արվեստագետն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակույթի մեջ ու ստացել է մեծ ճանաչում ու սեր։ Բայց դրա հետ մեկտեղ՝ նաև երբեք չի դադարել լինել հայ, հավատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախություններին ու դժվարություններին»,- ցուցադրության բացմանը նշել է Յիրիկյանը։
Դեմոյանի խոսքով՝ Ազնավուրը 20-21-րդ դարերի մարդ-խորհրդանշանն է։
«Նրա արվեստը, երաժշտությունն ու ձայնը հիշողություններ ու ապրումներ ծնող մոգական ուժ ունեն: Միլիոնավոր մարդիկ հենց Ազնավուրի ձայնով են վերապրում իրենց անցյալը, վերարժեվորում ներկան»,- ասել է Դեմոյանը։
Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզում։ Անվանի հայը մեծ ներդրում է ունեցել 1988 թվականի երկրաշարժից տուժած հայկական քաղաքների վերականգնման գործում։ Պարբերաբար բարեգործական համերգներով այցելում էր իր պատմական հայրենիք։ 2009 թվականից մինչև իր մահն Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչն էր։ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Մուրիսում (Ֆրանսիա)՝ 95 տարեկան հասակում։
2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվել է Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։