Քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ ձևավորվել է կառավարական հանձնաժողով, տարվա ընթացքում միջոցառումներ կկազմակերպվեն, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 15-ին Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ, ներկաներն անդրադարձել են նրա կյանքին, ստեղծագործություններին ու գործունեությանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Քոչարի ծննդյան միջոցառումները տարվա ընթացքում շարունակական կլինեն։
«Անցկացվելու են տարբեր միջոցառումներ, ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում, լինելու են ստեղծագործությունների և ֆիլմերի ցուցադրություններ, կրթական ծրագրեր ու առանձին միջոցառումներ»,- նշել է նախարարը:
Անդրեասյանը հիշեցրել է, որ 2024թ․ նշելու են Երևանի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է:
«Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ: Նմանօրինակ նախաձեռնությունները հետաքրքրություն կառաջացնեն նաև զբոսաշրջիկների շրջանում՝ այլ տեսանկյունից բացահայտելու Երևանը»,- նշել է Անդրեասյանը:
Արվեստագետի ծննդյան օրվա առթիվ նրա շիրիմին են այցելել ԿԳՄՍ նախարարը, նախարարության այլ աշխատակիցներ, Քոչարի հարազատները, արվեստագետներ։