Կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, տեղեկացնում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դերասանուհին գիշերը հանկարծամահ է եղել։ Նշվում է, որ ժամը 05։40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Լալա Մնացականյանը բազմաթիվ դերերով է հանդես եկել թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկ։