Հունիսի 22-ին և 23-ին Երևանում առաջին անգամ անցկացվել է Yerevan Savage Art Festival (YSAF) (Վայրի արվեստ) ստեղծագործական փառատոնը։ Այն համախմբել է երաժիշտների և արտիստների Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից և Հայաստանից: Փառատոնը կազմակերպել է կոմպոզիտոր, մուլտիգործիքավորող, դիրիժոր և երաժշտական թերապիայի մասնագետ Կամիլ Չալաևը։ Երաժշտական ծրագրին զուգահեռ՝ փառատոնում ցուցադրվել են նրա «Վայրի դպրոցի» սաների ստեղծագործությունները. բեմում վերստեղծվել են հատուկ կարիքներով երեխաների ձայնային թերապիայի պարապմունքները։
«Բացարձակ երաժշտությունը, որը «Վայրի դպրոցի» մեթոդի հիմքն է, ենթադրում է գաղափարական էության որոնում և ստեղծագործական արտահայտման լիակատար ազատություն։ Եվ եթե դա տեղի է ունենում, ամեն անգամ մի փոքրիկ հրաշք է կատարվում։ Ես սա տեսնում եմ դասարանում բառացիորեն կերպարանափոխվող երեխաների մեջ»,- ասել է Չալաևը։
Նրա խոսքով՝ երաժշտությունն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինքնադրսևորվել, զարգացնել ստեղծագործական ունակությունները, հեռացնել բոլոր սահմանափակումները։
Չալաևը փառատոնի նպատակն է անվանել տարբեր երկրների վարպետների ստեղծագործական գործունեությունը միավորելը, համատեղ ներկայացումների և փորձի փոխանակման միջոցով կապերն ամրապնդելը։
«Երիտասարդ երաժիշտներին աջակցելն օգնում է ստեղծել ավելի հավասար միջավայր, որտեղ բոլոր տաղանդավոր մարդիկ հնարավորություն կունենան զարգանալ և հաջողությունների հասնել՝ հատկապես Հայաստանում, որն ունի իր յուրահատուկ երաժշտական մշակույթը»,- եզրափակել է նա։
Երկօրյա փառատոնը տեղի է ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ Այն ընդգրկել էր գամբոիստ Գրիգոր Առաքելյանին, ֆրանս-շվեյցարացի դաշնակահար Եկատերինա Նեմիրովիչ-Դանչենկոյին, ֆրանսիացի երգեհոնահար Դոմինիկ Լևակին, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթին, ռուսական Մեծ թատրոնի նվագախմբի կոնտրաբաս Յարոսլավ Լոբովին, շվեյցարացի ջութակահար Վասիլի Պուտովին և հոլանդացի ջութակահար Կիրա Վան դեր Վորդբին, ուկրաինացի ջութակահար Միխայիլ Կուգելին, ամերիկացի դաշնակահար Ջեյ Գոտլիբին, վրացի երգիչ Դաթո Եվգենիձեին և այլ արտիստների։
«301․ Իմաստության երկիր» հիմնադրամը Չալաևին առաջին անգամ Հայաստան էր հրավիրել 2021 թվականին։ Նա որոշել է յոթ տարի մնալ Հայաստանում՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու և տեղացի մասնագետներին իր կիրառած մեթոդը սովորեցնելու նպատակով։ Չալաևը 2023 թվականի հունիսին Armenia Today-ի հետ զրուցել էր երաժշտական թերապիայի սկզբունքի մասին և բացատրել, թե ինչպես կարող է աուտիզմ ունեցող երեխան հասնել խոսքի։ Ավելին կարդացեք մեր ռեպորտաժում։