ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Նա կներկայացնի հայ դասական կոմպոզիտորների գործերը:
«Համերգների նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բուենոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև ամրապնդել հարավամերիկյան երկու երկրների հետ մշակութային կապերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ըստ ԿԳՄՍ-ի՝ հունիսի 25-ին Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին, և հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը։
Հունիսի 28-ին դաշնակահարն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Բեթհովեն» համերգասրահում կունենա մենահամերգ՝ «Հայկական գունապնակ» խորագրով: Նա կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններից. կհնչեն Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլք։