Ավստրալիայի Թասմանիայում գտնվող Հին և նոր արվեստի Մոնա թանգարանը Պիկասոյի հավաքածուի մի մասը տեղափոխել է կանանց զուգարան, հայտնում է The Guardian-ը։
Թանգարանը նման միջոց է ձեռնարկել՝ ի պատասխան դատարանի որոշման, որը պահանջում է տղամարդկանց թույլ տալ մասնակցել միայն կանանց համար նախատեսված ցուցահանդեսին:
Մոնայի սեփականատիրոջ կինը՝ նկարչուհի Կիրշա Կեչելեն, Instagram-ում կանանց զուգարանից մի քանի լուսանկար և տեսանյութեր է հրապարակել, որոնց պատերին Պիկասոյի առնվազն երկու նկար են կախել։
«Նոր ցուցահանդես՝ Մոնայում. միայն կանանց համար»,- գրել է Կեչելեն։
Նախկինում Պիկասոյի աշխատանքները ներկայացված էին Ladies Lounge ցուցահանդեսում, որը բացվել էր թանգարանում 2020 թվականին։ Մասնակցության թույլտվություն էր տրվել միայն կանանց։ Միակ տղամարդիկ սպասավորներն էին. նրանք սպասարկում էին այցելուներին և շամպայն մատուցում:
Նախորդ տարի մի տղամարդ բողոքել էր թանգարանին՝ հայտնելով, որ իրեն թույլ չեն տվել մտնել ցուցահանդեսի սրահ: 2024 թվականի ապրիլին Թասմանիայի քաղաքացիական և վարչական տրիբունալը պարզել էր, որ կանանց սրահը խտրականություն է դրսևորում տղամարդկանց նկատմամբ: