Ի նկատի ունենալով Հայաստանի և Բելառուսի միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին, տեղեկանում ենք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից:
«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- ասված է հաղորդագրությունում:
«Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդ Լուկաշենկոն է։ Նա ԱԺ ամբիոնից 2-րդ անգամ Բելառուսին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել նաև Հայաստանում իր դեսպանին։
Հունիսի 14-ին ՀՀ-ն բողոքի նոտա էր հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։