Դիարբեքիր քաղաքում սկսվել է 16-րդ դարի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնումը, հայտնում է Akos-ը։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը եկեղեցում աղոթել է և արարողությանը ներկա քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին կոչ արել պատրիարքարանի սեփականությանը հանձնել 508-ամյա պատմություն ունեցող եկեղեցին։
«Սուրբ Սարգիս եկեղեցին 1915 թվականից ավերակ է։ Թեև եկեղեցին, որը քաղաքի գրանցված կարևոր օբյեկտներից է, քանդվել է, սակայն այն մնում է այն հազվագյուտ շինություններից մեկը, որին հաջողվել է գոյատևել իր պատմական սյուներով»,- գրում է հայկական թերթը։
Սուրբ Սարգիս եկեղեցին քսաներորդ դարում լքվել է և երկար ժամանակ մնացել բախտի քմահաճույքին։ Պատրիարք Մաշալյանը հիշեցրել է, որ Դիարբեքիրն ունի նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ 14-րդ դարի Սուրբ Կիրակոսը, որի զանգակատունը մինչև 1915 թվականը քաղաքի ամենաբարձր շենքն էր։
«Պատմության մեջ կան սխալներ, որոնք պետք է շտկվեն։ Այդ սխալներից մեկն էլ այս հողերի վրա քաղաքակրթության հետքերի վերականգնումն է։ Այս երկրի պատմության վրա ավելի ճշգրիտ, իրատեսական լույս սփռելը կարևոր քայլ է»,- ընդգծել է պատրիարքը։
Թուրքիայի մշակույթի նախարարությունը վերականգնողական աշխատանքների համար հատկացրել է 5 մլն լիրա (152 հազար դոլար)։
2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն (USCIRF) Անկարային մեղադրել էր Թուրքիայի հայկական եկեղեցիներին սպառնալու մեջ և հայտարարել երկրում քրիստոնյաների կրոնական ազատության սահմանափակումների մասին։ Հանձնաժողովը բացահայտել էր 2003-2022 թվականներին հայերի դեմ հարձակումների 34 դեպք, որից 29-ը՝ Ստամբուլում։