Հուլիսի 2-ին Երևանում համերգ կկայանա հայ երգահան, երգիչ և բանահավաք Կոմիտասի ծննդյան 155-ամյակին ընդառաջ։ «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» նախագծի հեղինակը երգահան Վահան Արծրունին է։
Արծրունու հետ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենան երգչուհի Աննա Մայիլյանը, Էվանստոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան Խոջա-Էյնաթեանը, ինչպես նաև «Նարեկ» և KVART համույթները։
«Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները»,- ասվում է համերգի նկարագրության մեջ։
Կազմակերպիչները նշել են, որ այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը՝ համազոր կերպով։
Համերգի սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը 3000-5000 դրամ է։