Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը Մոսկվայում նախատեսված է սեպտեմբերի 6-ին, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ արտիստը ՌԴ մայրաքաղաք է ժամանել համերգի վայրն ընտրելու նպատակով։ Այնուամենայնիվ, նրա ուղևորության ամսաթիվն ընտրվել է այնպես, որ այն համընկնի Գոշա Ռուբչինսկու տարեդարձի տոնակատարության հետ:
Համերգի կազմակերպիչներն այս պահին ունեն միջոցառման անցկացման երկու հիմնական վայր. առաջինը Մոսկվայի ամենաընդարձակ ասպարեզն է՝ «Լուժնիկին»։ Երկրորդը Մոսկվայի ամենաժամանակակից արենան է՝ «Դինամո» մարզադաշտը:
Նշվում է, որ միասին ճաշելուց հետո Քանյեն և Ռուբչինսկին անձամբ են դիտել համերգասրահները: Նախ նրանք գնացել են «Լուժնիկի», իսկ հետո այցելել են «Դինամո» մարզադաշտ։
Ըստ Baza-ի՝ համերգը կազմակերպող ընկերությունը («Արտ Լայֆ»-խմբ․) նախընտրում է «Լուժնիկի»-ի տարբերակը, քանի որ այն ավելի ընդարձակ է և ավելի շատ տոմսեր կարելի է վաճառել։ Ինքը՝ Քանյեն, ավելի շատ հակված է «Դինամոյի» տարբերակին, քանի որ այն ավելի ժամանակակից է և ավելի լավ ակուստիկա ունի։
Համերգի վայրի մասին որոշումը նախատեսվում է ընդունել երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի ժամանակ ունենան հավաքելու բոլոր անհրաժեշտ վկայականներն ու հաստատումները, հայտնում է Baza-ն։
Հունիսի 30-ին ռուս պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հայտնել էր ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Մոսկվա ժամանելու մասին։ Նա նշել էր, որ ռեփերը կարող է համերգ տալ «Լուժնիկի» մարզադաշտում: