Հուլիսի 9-ին Երևանի Կինոյի տանը տեղի էր ունեցել հանդիպում հոլիվուդյան դերասան, օսկարակիր Քևին Սփեյսիի հետ։ Դերասանը Հայաստանում է որպես «Ոսկե ծիրան» XXI միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, որը մեկնարկել է 7-ին և կավարտվի հուլիսի 14-ին։
Հոլիվուդյան դերասանի երկրպագուները նրա հետ քննարկել են նրա մասնակցությամբ ֆիլմերը։ Սփեյսին պատմել է թատրոնում և կինոյում աշխատելու իր փորձի մասին։
«Թատրոնը կյանք է, և այն անընդհատ փոխվում է։ Թատրոնում դու հնարավորություն ունես աճել ու զարգանալ։ Սա այն պահն է, որ պատահում է դերասանի հետ բեմում… Հրաշալի է։ Թատրոնն ինձ համար այլ բան է…»,- նշել է նա։
Սփեյսիի խոսքով՝ դերասանը պետք է ծառայի գրավոր սցենարին, և այսպես է չափվում նրա վարպետությունը։
«Գլխավորը հասկանալն է, թե ինչ է ուզում հեղինակը փոխանցել հանդիսատեսին։ Երբ ես առաջին անգամ կարդացի սցենարը, դա ինձ խենթացրեց: Ասում եմ՝ ինչ հրաշալի պատմություն է: Եվ ես ուզում եմ այդ զգացմունքները փոխանցել հեռուստադիտողին»,- կիսվել է ամերիկացի դերասանը։
Երկրպագուները դերասանին նվիրել են հայկական ապրանքանիշի արծաթե մատանի՝ Կիլիկյան պետության խորհրդանիշով։
«Սա հայկական արծաթյա մատանի է, գիտենք, որ երկու շաբաթից ձեր ծննդյան օրն է։ Այն Կիլիկիայի թագավորության խորհրդանիշն է և պատկերում է եկեղեցի։ Աստված օրհնի քեզ։ Մենք շատ հպարտ ենք, որ դուք այցելեցիք մեր երկիր»,- ասել է նա։
Սփեյսին ասել է, որ դեռ պետք է խաղա այնպիսի դեր, որը կհամարի իր համար ֆավորիտ: Իր սիրելի դերերից երեքը նշելու խնդրանքին նա այսպես արձագանքեց է արձագանքել․ «Կարծում եմ՝ դեռ նոր պիտի խաղամ»։
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հուլիսի 6-ին հայտարարել էր, որ Սփեյսիի հանդիպումը հանդիսատեսի հետ Երևանում տեղափոխվել է Կինոյի տան շենք այն բանից հետո, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարությունը հրաժարվել էր դերասանի հետ հանդիպում կազմակերպել համալսարանում։