Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը, հայտնել է «Ազնավուր» հիմնադրամը։
Հուլիսի 9-ին կայացած բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի դուստր Լիդիա Կասպարյանը:
Մեկ ամիս շարունակ՝ մինչև օգոստոսի 9-ը, ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել բացառիկ կադրեր, որոնք որսացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն իր ֆոտոխցիկով:
1960 թվականի Ազնավուրի հայտնի համերգը «Ալհամբրա» համերգասրահում, Ազնավուրների առանձնատունը Ֆրանսիայում և ընտանեկան միջավայրը, ընկերական հավաքույթներն ու կուլիսային կյանքը. այս ամենը տեսնելու և ֆիքսելու բացառիկ հնարավորություն ունեին միայն ընտրյալ լուսանկարիչներ:
Այս տարի լրանում է Ազնավուրի հարյուրամյակը, որի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով:
Armenia Today-ի ռեպորտաժը՝ Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառումների մասին։