«Ոսկե ծիրան» XXI միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Հայկական կինո. 1924-2023» երկլեզու կատալոգի շնորհանդեսը՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Կատալոգի հեղինակները փորձել են վերստեղծել հայ կինոյի 100-ամյա արտադրանքի լիակատար պատկերը` ընդգրկելով Հայաստանում կամ Հայաստանի հետ համատեղ արտադրված խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հնարավորին չափ սպառիչ տեղեկատվություն։
Առաջին նման փորձն արվել էր 60-ականների սկզբին հայ կինոյի հիմնադիրներից մեկի` Դանիել Դզնունու կողմից: Այն տարիներին նա կազմել էր նախորդ 35 տարվա արտադրանքի հիմնականում հավաստի ֆիլմացանկը, ինչպես նաև հայ կինոյին վերաբերող գրքերի և հոդվածների մատենագիտությունը:
Հայկական կինոյի առաջին եռալեզու կատալոգը (հայերեն, անգլերեն և ռուսերեն) հրատարակվել էր 2000 թվականին՝ հայ կինոգետների և կինոլրագրողների նախաձեռնությամբ և ներառել 1924-1999 թվականներին նկարահանված ֆիլմերը։ Կատալոգի երկրորդ հրատարակությունը լույս էր տեսել 2009 թվականին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի զարգացման հիմնադրամի և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ. այն ներառում էր նաև 2000-2008 թվականներին նկարահանված ֆիլմերը։
Նոր լրամշակված երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունն ընդգրկում է առավել լիակատար տեղեկատվություն 1924-2022 թթ․ և, մասամբ, 2023 թ․ Հայաստանի կինոարտադրության մասին։