Ռուսական «Պրավիլա ժիզնի»ամսագիրն անդրադարձել է Երևանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։
Ամսագիրը նշել է, որ փառատոնի մեկնարկը համընկել է հայկական «Վարդավառի» տոնի հետ։
««Ոսկե ծիրանն» իր աշխատանքն սկսեց նույն դրական նոտայով. բարեբախտաբար, ոչ ոք չջրվեց, բայց տարբեր երկրներից հավաքվածները՝ լրագրողներ և կինոգործիչներ, ամբողջ շաբաթվա ընթացքում փորձով և տպավորություններով փոխանակվեցին՝ հաղթահարելով ցանկացած (լինի լեզվական, թե մշակութային) խոչընդոտներ»,- գրել է կինոքննադատ Վադիմ Բոգդանովը։
Նա խոսել է մրցանակային տեղեր զբաղեցրած ու ցուցադրված ֆիլմերի մասին՝ նշելով, որ «Ոսկե ծիրան 2024»-ն «ամբողջությամբ գոհ է աշխարհի գլխավոր շոուների մասնաճյուղերից հավաքված իր հասուն և հյութեղ ծրագրով»։
Բոգդանովն իր հոդվածում անդրադարձել է նաև փառատոնի հայտնի հյուրերին։
««Նեբրասկա» և «Կողք» ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը դատել է գլխավոր մրցույթը, «Օտար» կուլտային ֆանտազիայի հեղինակ Տարսեմ Սինգխը գլխավորել է տարածաշրջանային ծրագրի ժյուրին, իսկ կարճամետրաժ ֆիլմերն ստուգել է «Կաննի» դափնեկիր Ատոմ Էգոյանը՝ 12 տարվա բացակայությունից հետո Հայաստան վերադարձած «Ոսկե ծիրանի» ստեղծողներից մեկը»,- նշել է հեղինակը։
Նրա խոսքով՝ իրական իրադարձություն էր կրկնակի օսկարակիր հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի այցը։
«Նաև, ամենավերջին պահին, իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից հետո իր առաջին փառատոնային այցով միացավ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի ցանկին»,- ավելացրել է Բոգդանովը։
Նա շեշտել է զուտ լոգիստիկ տեսանկյունից Ռուսաստանից փառատոնին մասնակցելու առավելությունը, մուտքի տոմսերի մատչելիությունը և հայտնի կինոգործիչների հետ շփվելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ այս տարի, օրինակ, կարելի էր հանգիստ մի քանի բառ փոխանակել Ալեքսանդր Փեյնի հետ և հարցնել, թե ինչպե՞ս է իրեն դուր եկել հիմնական մրցույթի «Հնդկական աքլորով ֆիլմը»։
«Զարմանալիորեն, կրկնակի օսկարակիրը պատրաստակամորեն ու ջերմորեն շփվեց բոլորի հետ»,- նշել է հոդվածագիրը։
«Եվ, վերջապես, դեպի «Ոսկե ծիրան» ճանապարհորդությունը հնարավորություն է հիանալու վեհաշուք Արարատով, տոլմա ուտելու և, ի վերջո, հայտնվելու այն երկրում, որն աշխարհին տվել է Այվազովսկի, Փարաջանով և Ազնավուր»,- եզրափակել է կինոքննադատը։
Հուլիսի 13-ին տեղի էր ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել էր մրցանակակիրներին: