Մոսկվայում բացվել է «Սերգեյ Փարաջանով․ հավերժական թռիչք» ցուցահանդեսը՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին, հայտնում է Afisha.ru-ն։ Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը։
Նշվում է, որ խորհրդային շրջանի ռեժիսորի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսը կազմակերպել է Վ.Ի.Դալի անվան ռուս գրականության պատմության պետական թանգարանը՝ Կինոյի պետական կենտրոնական թանգարանի հետ միասին։ Ցուցահանդեսի նախաձեռնողները ձգտել են ցույց տալ Փարաջանովի արվեստը՝ մի մարդու, ով համարձակորեն հատել է ժանրերի, միտումների և նույնիսկ արվեստի տեսակների սահմանները։
«Փարաջանովը ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային կինոյի պատմության ամենակարևոր դեմքն է։ Նա կլանեց բազմաթիվ մշակույթներ՝ դրանք դարձնելով իր սեփական անբաժանելի մասը: Ռեժիսորի որոնումներն ու հայտնագործությունները կինոլեզվի թարմացման հարցում մեծ ազդեցություն ունեցան բազմազգ խորհրդային կինոյի վրա, որտեղ «պոետիկ կինոն» հիմնականում ձևավորվեց նրա ազդեցության շնորհիվ»,- ասվում է նկարագրության մեջ։
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հազվագյուտ ցուցանմուշներ պետական կենտրոնական կինոթանգարանի և Պետական պատմական թանգարանի հավաքածուից՝ գեղանկարներ և գրաֆիկա, ազգային տարազներ, դեկորատիվ և կիրառական արվեստի առարկաներ, ինչպես նաև արխիվային նյութեր՝ լուսանկարներ, ստեղծագործական ինքնագրեր, փաստաթղթեր: Ցուցահանդեսը լրացվում է վարպետի լավագույն ֆիլմերից՝ «Նռան գույնը», «Սուրամի բերդի լեգենդը», «Աշիկ-Քերիբ» ֆիլմերից հատվածներով։
Ցուցահանդեսին ներկայացված են նաև նկարչի եղբորորդու՝ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Գեորգի Փարաջանովի արխիվից նմուշներ՝ ընտանեկան լուսանկարներ, նամակներ և գծանկարներ, ռեժիսորի անձնական իրեր, կոլաժների շարք։
Ցուցահանդեսի հատուկ հատվածում ընդգրկված են Փարաջանովի ընկերների և հարազատների կողմից արված նկարներ, կոլաժներ և արվեստի առարկաներ, որոնք ներկայացնում են «Փարաջանովյան աշխարհների» ընթերցումը ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններով, ոճերով և ժանրերով: