ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանության է արժանացրել ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու մասին ՀՀ առաջարկը, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
46-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել է հարցը, ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: Հայաստանից դրան մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես կոնվենցիայի համակարգող, նշել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թ.-ին․ դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը։