Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գրքի տոնավաճառը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, հավելել են քաղաքապետարանից։
Փառատոնի մուտքն ազատ է, այն այցելուների համար սեպտեմբերի 6-8-ը բաց կլինի ժամը 12:00-21:00-ն։
Ծրագրում նախատեսված է 32 միջոցառում, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի առաջին և ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնին ասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: