ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, հայտնում են նախարարությունից։
Մասնավորապես, Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ է պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ խնդիրները:
Աշխատանքային խումբն այցելել է «Լոռի բերդ» ամրոց, որի մոտեցման ճանապարհին կառուցվում է տեղեկատվական կենտրոն: «Լոռի բերդ» ամրոցի եկեղեցու երկու թաղերի և պատի շարի վերականգնողական աշխատանքներն ընդունելի են համարվել: Հավանության են արժանացել պատի նորոգման համար նախատեսված քարերի գույնը և տեքստուրան:
Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպում է տեղի ունեցել «Լոռի բերդ» ամրոցի բաղնիքի և պարիսպների վերականգնողական շինաշխատանքները և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքներն սկսելու վերաբերյալ հարցեր, տրվել են ցուցումներ։