ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հաստատել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Գյումրու «Վառեմ-մարեմ» պատմական շենքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերականգնելու նախագիծը։
«Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի»,- ասված է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծում։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը շենքը վերականգնելու մտադրության մասին հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։ Հուլիսի 28-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ շենքից քարեր են թափվել, ինչի հետևանքով արգելապատնեշ և կիսաքանդ միջնապատ է վնասվել։
Պատմական կառույցը վերապրել է երկու երկրաշարժ՝ 1926 և 1988 թվականներին։ Այն գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում։ Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի տեսարանները, որից ի վեր շենքը դարձել է գյումրեցիների և հյուրերի սիրելի վայրը։ Մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ տեսնելու հայտնի շենքը և լուսանկարվելու «Վառեմ-մարեմ» շենքի պատշգամբի ֆոնին: