Երևանի քաղաքապետարանն «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրել Կասկադ համալիրի շինարարությունն ավարտին հասցնելու 2 նախագիծ։
Առաջին նախագիծը մշակել է Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը։ Հենց այս նախագծով են 2000-ականներին վերսկսվել Կասկադի բարեկարգման աշխատանքները։ Նախագիծը հարթակում ստացել է 35 քվե՝ նյութը տեղադրելու պահին։
Նախագծով առաջարկում է համալիրի վերին հատվածում ստեղծել ժամանակակից արվեստի թանգարան։
«Կասկադ համալիրը շատ կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ ավարտուն տեսք, քանի որ 2009 թվականին կառուցվել են որոշ հիմքային հատվածներ և ստորին հարկեր։ Տեղադրված են Հաղթանակ զբոսայգու հարթակի հետ շարժասանդուղքի միացման հիմքերը, ինչը թույլ կտա շինարարական աշխատանքներն իրականացնել առանց երթևեկության ընդհատման»,- նշված է նախագծում:
Երկրորդ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Թամանյանի պատկերացրած և 1970-ականներին Ջիմ Թորոսյանի կողմից իրականացված պատմական «Կասկադ» նախագիծը։ Նրա հեղինակը ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն է։ Այն հարթակում ստացել է 111 քվե՝ նյութը տեղադրելու պահին։
«Կենտրոնական հատվածը 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահն է, որտեղ կանցկացվեն դասականից մինչև հանրաճանաչ երաժշտության համերգներ՝ այն դարձնելով մշակութային փարոս և մշակութային հարուստ փորձի փոխանակման վայր»,- ասված է նախագծում:
«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված հրապարակներով, տեռասներով, սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծում են հենց այդ աշխույժ մթնոլորտը, նշված է նախագծում:
Քվեարկությունը կտևի սեպտեմբերի 2-29-ը։
Մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Կասկադ» համալիրի վերին հատվածի սեփականատերը 11,5 հա տարածքը վերադարձրել է Երևան համայնքին։ Այդ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։
Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ «Կասկադ»-ի վերին հատվածի շինարարությունն ավարտին կհասցնեն մասնավոր ներդրումներով։ Ըստ նախագծի՝ ավարտված հատվածում կտեղադրվի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը, կկառուցվի ամֆիթատրոն։