ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Երևանում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) գրեթե 1 տարի հետաձգված համերգի առնչությամբ գերատեսչությունը բանակցություններ է վարում համերգի կազմակերպիչների հետ. եթե համերգը չեղարկվի, նախարարությունը կխնդրի վերադարձնել գումարը, նշել է նա։
«Երկու ելք կարող է լինել․ առաջինը՝ երգչի հետ այդ օրերը համաձայնեցնելն է, իսկ եթե համաձայնության չգան ու համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ գումարը (ՀՀ պետբյուջեից հատկացված շուրջ 6 մլն դոլար-խմբ․) կվերադարձվի»,- մանրամասնել է նախարարը։
Նա հավելել է, որ նախարարությունը կազմակերպիչներից միջոցառման անցկացման հնարավոր ժամկետներ է պահանջել։
«Սպասում ենք կազմակերպիչների արձագանքին։ Մեր տեղեկություններով՝ նրանք բանակություններ են վարում այդ օրերի շուրջ»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե որ օրերի մասին է խոսքը։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել: