Սեպտեմբերի 29-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ռուս դերասանուհի, հասարակական գործիչ Չուլպան Խամատովայի և դաշնակահար, երաժիշտ Անդրեաս Օսոկինի մասնակցությամբ «Դաշնամուրի մասին երազները» խորագրով երաժշտական ներկայացում տեղի կունենա։
Ծրագրում Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Բուլատ Օկուջավայի, Ալեքսանդր Գալիչի, Յուրի Լևիտանսկու, Մարինա Ցվետաևայի, Վերա Պոլոզկովայի և Ասպասիայի ստեղծագործություններն են։
Նշվում է, որ դերասանուհի Չուլպան Խամատովան և երաժիշտ Անդրեաս Օսոկինը բանաստեղծություններն ու երաժշտությունն ընտրել են սրտով, հետևաբար, «Դաշնամուրի մասին երազներն» ուղեցույց կդառնան` դեպի պոեզիայի և մաքուր արվեստի, երաժշտության աշխարհ:
«Երեկոյի ժամանակ Խամատովան կխոսի բոլորի հետ։ Ոմանց համար ներկայացումը կդառնա մեդիտացիա, ոմանց համար՝ մանիֆեստ, ոմանց համար՝ խոստովանություն։ Իսկ չորրորդներն իրենց սրտերում կտանեն այն աշխարհի հույսը, որտեղ խոսքի և երաժշտության ներդաշնակությունն ավելի կարևոր է, քան մարտերն ու պայքարը, իսկ արվեստը վեր է ցանկացած սահմաններից»,- խոստացել են կազմակերպիչները։