Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են տեղափոխել Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի պատմության թանգարան ցուցանմուշը տեղափոխվել է հանդիսավորությամբ և անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանմամբ, հավելել են նախարարությունից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն է ստեղծվում բացել միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ:
«Շատ կարևոր է, որ ցուցադրության առանցքային նմուշն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված մասերն են, որոնք հատուկ կարևորություն ունեն մեր հանրություն համար: Յուրաքանչյուր երեխա դեռ դպրոցական դասագրքերից իրեն ծանոթ պատկերը մոտիկից տեսնելու հնարավորություն կունենա: Այս ցուցադրությունը կարևորում եմ բազմաթիվ առումներով. թե՛ թանգարանային կյանքի աշխուժացման և որակի բարձրացման իմաստով, թե՛ մշակույթին հանրության ավելի մեծ չափով առնչություն ունենալու, թե՛ միջազգայնացման ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը 6 ամսով կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Ցուցադրության հանրահռչակմանը ՀՀ կառավարությունը հուլիսին 15,7 միլիոն դրամ հատկացնելու որոշում էր կայացրել։