Հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի 155-ամյակի միջոցառումների շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 26-ին կբացվի «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ցուցադրությունը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում կանցկացվի հոգեհանգստյան արարողություն։
«Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը, որը ԿԳՄՍ աջակցությամբ և ֆինանսավորմամբ է, կբացվի ժամը 16:00-ին։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Բաբայանի գործունեության ոլորտներին՝ ներկայացնելով Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։