Օպերային երգիչ և դիրիժոր, տենոր Պլասիդո Դոմինգոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Երգիչը Հայաստան է ժամանել Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով:
Դոմինգոն Հայաստանում երկրորդ անգամ էր և վստահեցրել է, որ հայ հանդիսատեսն իր համար յուրահատուկ էներգիա ունի: «Թատրոնը հիասքանչ է։ 14 տարի առաջ, երբ այստեղ էի, երգում էի ֆուտբոլի մարզադաշտում»,- ասել է նա։
Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանի հետ երևանյան բեմում ելույթ ունեցող արտիստը համերգը եզրափակել է Երևանի՝ «Էրեբունի-Երևան» օրհներգով:
Հոկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դոմինգոյին պարգևատրել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: