«Ակն ընդ ական» վավերագրողների միությունը ՀՀ կինոակադեմիային հորդորել է վերանայել «Օսկարի» ներկայացվող հայկական ֆիլմերի ընտրությունը և դիտարկել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բրեժնևի մասին պատմող ֆիլմի փոխարեն, տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից։
Ըստ հայտարարության՝ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և մրցանակների չի արժանացել։ Երկու ֆիլմն էլ 2023թ․ արտադրություն են։
Միությունը տեղեկացրել է, որ «1489» ֆիլմն արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների Fipresci մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։ Մասնակցել է 20 փառատոնի ամբողջ աշխարհում։
Վադանյանի ֆիլմը 2020թ․ Արցախի պատերազմում զոհված Սողոմոն Վարդանյանի մասին է։ Ֆիլմում նրա քույրը՝ Շողակաթը, հոր և մոր հետ փնտրում է իրեն, երբ դեռ անհետ կորածների ցուցակում էր։
«Այս ֆիլմն է, որ նկարագրում է Հայաստանը և ՀՀ բնակիչների՝ մեր, վերջին տարիների վիճակը, ֆիլմը հարգանքի տուրք է բոլոր զոհվածներին, անհետ կորածներին և նրանց հարազատներին, դրան գումարած ֆիլմի՝ ընդարձակ հաջողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հարցում է ուղարկել իմանալու, թե ի՞նչ չափանիշներով են որոշում, թե որ ֆիլմը պետք է «Օսկարի» ներկայացվի և ի՞նչ մեխանիզմով, սակայն հարցումը մնացել է անպատասխան։