Հոկտեմբերի 15-16-ը Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Միջոցառումներին կմասնակցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Գերատեսչությունը մանրամասնել է, որ Հայաստանի մշակույթի օրերի հիմնական միջոցառումները կանցկացվեն Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում, որտեղ հոկտեմբերի 15-ին կկայանա մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։
Համերգային ծրագրում ընդգրկված են շանսոնյեի երգերը, բայց կհնչեն նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Հայաստանի ջազ նվագախմբի հետ միասին հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։
Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան) հյուրախաղը։
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում 7 IMAX KERUEN կինոթատրոնում կցուցադրվեն հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։