Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում հոկտեմբերի 16-31-ը տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով, հավելել են նախարարությունից։
Համերգների ծրագրերում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շառլ Ազնավուր, Կոմիտաս, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան և Արթուր Ահարոնյան:
Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա). մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանս քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան:
2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը վերանվանվել էր Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։
Armenia Today-ի ռեպորտաժը՝ Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառումների մասին։