ԿԳՄՍՆ-ին ենթակա Հայաստանի կինոյի հիմնադրամը պարզաբանում կխնդրի կազմակերպությունից, որն ընտրել է «Օսկարին» մասնակցող հայկական ֆիլմը՝ ընտրության ժամանակ ժյուրիի կողմից հնարավոր խախտումների հետ կապված, ԱԺ-ում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ հիմնադրամն իր լիազորությունների և իրավազորությունների շրջանակներում պարզաբանումներ կստանա, և եթե ընթացակարգային որևէ խախտում արձանագրի, «որոշակի արձագանք ու հետևանք կլինի»։
Նրա խոսքով՝ չնայած հարցը նախարարության ուղղակի տիրությում չէ և «Օսկարին» ներկայացվելիք ֆիլմի ընտրությունն իրականացվում է պետությունից անկախ կառույցի կողմից, նախարարությունն «ուշադիր հետևում է» այդ թեմայով հրապարակումներին։
Անդրեասյանը նշել է, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ կինոակադեմիայի որոշ ներկայացուցիչներ չեն ծանոթացել հավակնորդ բոլոր ֆիլմերի հետ։
«Բացի դրանից, առկա է նաև շահերի բախման հնարավոր հանգամանքը, ինչը չի կարող մեզ որպես ոլորտի լիազոր մարմին չմտահոգել և մենք կարծում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը բավարար է, որպեսզի առնվազն պարզաբանումների և ընթացակարգերի խախտումների հետ կապված հանգամանքները հասկանալու վերաբերյալ համապատասխան գործընթաց նախաձեռնենք»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 5-ին կինոակադեմիան հայտարարել էր «Յաշա և Լեոնիդ Բրեժնև» ֆիլմն «Օսկարի» հավակնորդ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու մասին։
Հոկտեմբերի 14-ին «Ակն ընդ ական» վավերագրողների միությունը ՀՀ կինոակադեմիային հորդորել էր վերանայել «Օսկարի» ներկայացվող հայկական ֆիլմերի ընտրությունը և դիտարկել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բրեժնևի մասին պատմող ֆիլմի փոխարեն։ Միությունը հիշեցրել է, որ «Օսկարի» անվանակարգերի մրցույթում հաղթած ֆիլմի ռեժիսորը կինոակադեմիայի խորհրդի անդամ է։
Կինոակադեմիան արձագանքել էր՝ նշելով, որ այն անդամները, ովքեր առնչություն ունեն ներկայացված ֆիլմի հետ, չեն մասնակցում քվեարկությանը։ Ընտրություն կատարելու ընթացքում փորձագետներն առաջնորդվել են ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկով, այլ նրա գեղարվեստական արժանիքներով։
«1489»-ը Վարդանյանի դեբյուտային աշխատանքն է, որն արժանացել է հոլանդական վավերագրական IDFA փառատոնի Գրան պրիին։ Ֆիլմը ծնվել է լրագրողական նախագծից, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվել է կինոյի ֆորմատի։ Ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերը ռուս վավերագրող Մարինա Ռազբեժկինան է։ Վարդանյանի ֆիլմը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի ընտանիքի որոնումների մասին։ Նա իր հեռախոսով նկարահանել է որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձությունները, որոնց միջով պետք է անցնեին ինքը և իր հարազատները։
Ֆիլմն ստացել էր 20 մրցանակ, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի ամենամեծ փառատոնի գլխավոր մրցանակը՝ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը (IDFA), FIPRESCI կինոքննադատների մրցանակը, Տրիեստի կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմի և Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) մրցանակը։