Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը, որտեղ ներկայացված կլինեն հայկական «Արտույտ» ընկերության շարֆերը և բարձր նորաձևության զգեստները, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Հավաքածուն ավելի վաղ ներկայացվել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում` Բագատի Վալսեկի թանգարանում, և Միլանում գրանցած մեծ հաջողությունից հետո այն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում:
«Արտույտ» ընկերության հիմնադիր և տնօրեն Արևիկ Առաքելյանը նշել է, որ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում կազմակերպվել է նաև Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի կինոդիտումը և նրա աշխատանքի վերաբերյալ դասախոսություն։ Արեքելյանը հավելել է, որ Արտույտը 7 տարի է, ինչ համագործակցում է Փարաջանովի թանգարանի հետ։
Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով՝ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստներն ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։ Միլանում նաև թվային արվեստի ցուցադրություն են կազմակերպել, որի շրջանակում իտալացի 9 և հայ 1 նկարիչներ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Փարաջանովից։
Հայ նկարիչների գործերով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերության հիմնադիրը 2023 թվականի դեկտեմբերին Armenia Today-ին պատմել էր հայկական ապրանքանիշի ստեղծման պատմությունն ու ապագայի պլանները։ «Արտույտ» ապրանքանիշն ստեղծում է շարֆեր, թևնոցներ և փողկապներ, որոնք պատկերում են հայ նկարիչների աշխատանքները, ներդրում է ստացել Հայ գործարարների ասոցիացիայից (AAP): Armenia Today-ն ուսումնասիրել է, թե ինչպես է հայկական ապրանքանիշին հաջողվել մեկ տարվա ընթացքում համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Ավելին՝ կարդացեք մեր նյութում։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել է նաև Թբիլիսիում։ Մեր ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական կյանքը։