Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է «Մելամաղձություն» ցուցահանդեսը՝ նվիրված քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը, մուտքն ազատ է։
Ցուցահանդեսին ցուցադրվում են արխիվային նյութեր՝ կապված Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ ձուլածոյի ստեղծման արխիվային նյութերը, նախագծային փաստաթղթերը, ձուլման գործընթացը, արձանի տեղադրման և քողազերծման դրվագները:
Կենտրոնում կցուցադրվեն նաև ժամանակակից արվեստագետների գործեր, որոնց նպատակն է վերաիմաստավորել Քոչարի արվեստի ազդեցությունն ու ժամանակի համատեքստում ունեցած նշանակությունը՝ շարունակելով նրա արվեստի հետ մտովի երկխոսությունը:
Ցուցահանդեսին մասնակից արվեստագետներն են Արփա Հակոբյանը, Ալբերտ Մերինոն, Գրիգոր Խաչատրյանը, Գոհար Սարգսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Նարեկ Ավետիսյանը, Նանա Արամյանը, Վարդան Հարությունյանը, Հակոբ Բալայանը, Սիլվանա Չոբանյանը։ Համադրողներ՝ Բէլա Պողոսյան, Սիլվանա Չոբանյան, ազդարարի ձևավորումը՝ Արազ Պողարյանի։
Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին՝ Թբիլիսիում։ Նա համարվում է 20-րդ դարի հայ խոշոր նկարիչներից մեկը, ինչպես նաև եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրը։ Քոչարի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում բացվել է «Երվանդ Քոչար-125. ժամանակի և տարածության հատում» ցուցահանդեսը, ինչպես նաև «Քոչար Ֆեստ» փառատոնը։