Հորդանանը, Ադրբեջանի ճնշման տակ, հետ է կանչել նյույորքահայ-հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից, հայտնում է Deadline-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է Արցախի իր գյուղում ատամնաբույժ դառնալ։ Վրեժն ու իր ընտանիքն ստիպված էին հեռանալ տնից, երբ կրկին բորբոքվում է հակամարտությունը, բայց պատերազմի ավարտից հետո վերադառնում են ավերված հայրենիք։
Տղան բախվում է նոր դաժան իրականությանը և պատրաստվում է ապագա մարտերին՝ փորձելով հաղթահարել իր հույսերի ու վնասվածքների ծանրությունը, ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։ Հրատարակության համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը նամակ է հղել Հորդանանի ԱԳՆ-ին՝ «Օսկար»-ին մասնակցելու համար ֆիլմի ընտրությունը վերանայելու խնդրանքով, որից հետո Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ֆիլմը հանել է անվանակարգից։
Հորդանանի կողմից Արցախի ժողովրդի մասին ֆիլմ նկարահանելու ընտրությունը բողոքի ալիք է առաջացրել Ադրբեջանում, ֆիլմում հակամարտությունից տուժած հայերի նկատմամբ կարեկցանքն ընկալվել է որպես բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում, ասվում է հրապարակման մեջ։
«Մեր թիմի համար կործանարար նորություն է, որ երեխայի տան և ընտանիքի հանդեպ ունեցած սիրո զգացմունքային, ինտիմ պատմությունը ճնշվել և լռեցվել է: Որպես վավերագրողներ, այս գրաքննությունը միայն ավելի է խրախուսում մեզ կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոսի` Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի բազմաթիվ երեխաների փորձառությունը, ովքեր արժանի են ազատ երազել՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»,- հրատարակությանն ասել է Հայրապետյանը։
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի աղբյուրները Deadline-ին հաստատել են, որ Հորդանանը հանել է «Տունս քաղցր ա» ֆիլմն «Օսկարի» անվանակարգից: «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում Հորդանանը հավակնորդներ չունի։
Հորդանանի կողմից ֆիլմը լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմի մրցույթից հանելուց հետո ակադեմիան կինոգործիչներին հրավիրել է «Տունս քաղցր ա»-ն ներկայացնել լավագույն վավերագրական անվանակարգում, եթե այն անցնի ստանդարտ որակավորման ընթացակարգերը: Կինոռեժիսորներն անմիջապես որակավորման ցուցադրություն են կազմակերպել ԱՄՆ-ում։
Հայրապետյանը և ֆիլմի պրոդյուսեր Ազզա Հուրանին նշել են, որ հավատարիմ են մնում արցախցու պատմությունը պատմելուն՝ չնայած բոլոր խոչընդոտներին։
«Տունս քաղցր ա»-ն իր հյուսիսամերիկյան պրեմիերան տեղի կունենա DOC NYC-ում նոյեմբերի 16-ին և 17-ին, իսկ որակավորման թողարկումը կկայանա Laemmle Theatres-ում (Լոս Անջելես) նոյեմբերի 29-ից»,- նշել են կինոգործիչները:
Նրանք Հորդանանի որոշումը բացատրել են Ադրբեջանի հետ աճող դիվանագիտական և տնտեսական կապերը պահպանելու ցանկությամբ։ Նրանց խոսքով՝ Ամմանի միջազգային կինոփառատոնում Հորդանանում կայացած պրեմիերայից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք է ներկայացրել ֆիլմի հանրային ցուցադրության դեմ։
«Այսպիսով` «Տունս քաղցր ա» ֆիլմը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ ցուցադրվում էր փառատոնում, հանկարծակի արգելվեl ` նկարահանված երկրներից մեկում»,- եզրափակել է ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը:
«Տունս քաղցր ա»-ն դարձել էր Հայրապետյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմը։ Այն ներկայացվել էր Sheffield DocFest-ում և ցուցադրվել մի քանի փառատոներում, այդ թվում՝ Ամմանի միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել էր ժյուրիի մրցանակին՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ և Fipresci մրցանակին՝ որպես արաբական լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Sheffield DocFest-ի կազմակերպիչները ֆիլմը նկարագրել էին որպես կոնֆլիկտային գոտիներում երեխաների «հասունացման հզոր պատմություն»:
«Արցախում ապրել՝ նշանակում է իմանալ, որ մի օր պատերազմ է սկսվելու, և թոռս կմասնակցի այd պատերազմին»,- ֆիլմում պատմում է Վրեժի տատիկը։
Մինչ Արցախում նրա դպրոցական դասերը գնալով ռազմականացվում են, և Վրեժը պայքարում է իր մանկության երազանքները պահելու համար, նրա տատիկն ականատես է դառնում, թե ինչպես է իր մարգարեությունն իրականանում»,- ասվում է նկարագրության մեջ։
Սեպտեմբերի վերջին Deadline-ը հայտնել էր 2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանն Արցախի մասին վավերագրական ֆիլմ ներկայացնելու Հորդանանի որոշման մասին։