Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և Երվանդ Քոչար թանգարանի միջև հարաբերությունները լարված են։ Պատճառը 40 տարի առաջ թանգարանին ի պահ տրված արվեստագետի 21 գործերն են, գրում է «Հետք»-ը։
Երվանդ Քոչարը մահացել է 1979 թվականին՝ 79 տարեկանում՝ թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ, որը կտակել է կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին։ Կնոջ ջանքերով Քոչարի արվեստանոցի տեղում հիմնվել է Քոչարի թանգարանը, որի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 1984 թվականի հունիսի 22-ին։ Թանգարանի հիմնադիր Մկրտչյանը Քոչարի նկարները բաժանել էր երկու որդիների՝ Հայկազի և Ռուբենի միջև։
Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն էր նշանակվել ավագ որդու՝ Հայկազի կինը՝ Լալա Մարտիրոսյանը, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։
Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարներից յոթն անհետացել են, իսկ թե որտե՞ղ են այդ գործերը, ըստ նրա, թանգարանը չի մեկնաբանում։
«Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, թանգարանի հետ դու ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել, գնացել, թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ՝ ի պահ, որ դուք տնօրինեք։ Այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ԶԼՄ-ին պատմել է Քոչարը։
Նրա խոսքով՝ դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն «Հետք»-ին հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։
«Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»,- ԶԼՄ-ն տեղեկացել է ԿԳՄՍՆ-ից։
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը չի մեկնաբանել, թե որտե՞ղ են այդ յոթ գործերը՝ պատվաբեր չհամարելով այս թեման Քոչար ընտանիքի համար։
«Նշեմ միայն, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը տնօրինել են երկու եղբայրներ։ Դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել է Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել։ Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով»,- ասել է նա։
Ռուբեն Քոչարը լրատվամիջոցին հայտնել է, որ իր տեղեկություններով` նկարներից մեկը թանգարանը նվիրել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։
«Ժառանգների միջև անձնական և իրավական վեճերի ելքը դեռևս անհայտ է, սակայն Երվանդ Քոչարի ժառանգության պահպանումը ժամանակի հրամայականն է, որն արվեստագետի միակ հույսն էր»,- եզրափակել է լրատվամիջոցը։
Նոյեմբերի 19-ին «Քոչար» մշակութային հիմնադրամը հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նույն օրը հայտնել էր, որ այս հարցով դիմել են իրավապահ մարմիններին, որոնք քրեական գործ են հարուցել։