Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն:
Երաժշտական ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առստամյան, Բարսեղ Թումանյան, Հրաչուհի Բասենց ջազ-եռյակը, դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելման Գևորգյանը և, իհարկե, հենց քառյակը։
Կոմիտասի անվան ազգային քառյակն ստեղծվել է 1924 թվականի նոյեմբերին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ։ Սկզբում կոչվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ Կոմիտասի անվան քառյակ։ Քառյակի առաջին ելույթը կայացել էր 1925 թվականի մարտի 1-ին։