Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Aznavour 100 բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։
Համերգային ծրագրում ֆրանսիացի արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ կհնչեն Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։
Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, որը համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։
Համերգի ամբողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ Սա «4090» բարեգործական հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի։