Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի Anora ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի, հայտնում է Zartonk media-ն։
Ֆիլմը ներկայացված է 5՝ «Լավագույն կատակերգություն կամ երաժշտական ֆիլմ», «Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ երաժշտական ֆիլմում», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», և «Լավագույն սցենար» անվանակարգերում։
Anora-ն 2024 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգական-դրամատիկական ֆիլմ է, որը պատմում է Բրուքլինի մերկապարուհի Անորայի և ռուս օլիգարխի որդու՝ Վանյա Զախարովի հարաբերությունների մասին։ Երկրորդ պլանի դերերում հանդես են եկել Յուրա Բորիսովը, Կարագուլյանը, Թովմասյանը և Ալեքսեյ Սերեբրյակովը:
Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2024 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի 77-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղին»։ Ֆիլմը, ըստ աղբյուրի, լայն ճանաչում է ձեռք բերել և համաշխարհային տոմսարկղերում հավաքել է 25,5 մլն դոլար՝ 6 միլիոն արտադրական բյուջեով։